Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աշխարհն իներցիայով դեռևս հին պարադիգմների շրջանակներում է՝ նախկին վախերով, ռիսկերով և միաբևեռ մտածողությամբ

Աշխարհն իներցիայով դեռևս հին պարադիգմների շրջանակներում է՝ նախկին վախերով, ռիսկերով և միաբևեռ մտածողությամբ
22.07.2026 | 13:18

Ներկա խառը ժամանակներում միակ կայուն տենդենցը, որ նկատվում է միջազգային հարաբերություններում, ավելի ու ավելի խորացող քաոսն է ու լարվածությունը, այսինքն, ռազմաքաղաքական և ֆինանսատնտեսական բոլոր տեսակի ջրերի հնարավորինս ավելի անթափանց պղտորվելը։

Եթե դրան էլ գումարվում է օրենքի ուժի հակառակը, այն է՝ ուժի օրենքը, ապա անթափանց պղտոր ջրերում խոշոր ձկներ բռնելն ավելի է հեշտանում։

Մյուս կողմից էլ, պրոքսի պատերազմները աստիճանաբար ավելի են հստակեցնում հակամարտ կողմերի ուժերի իրական հարաբերությունը, որն էլ, լինելով խորապես իներցիոն պրոցես, դեռ երկար կշարունակվի։

Ընդհանուր առմամբ, աշխարհը շատ բաներում իներցիայով դեռևս գտնվում է հին պարադիգմների շրջանակներում՝ իրենց վախերով, ռիսկերով և միաբևեռ մտածողությամբ։

Սովորաբար, հակամարտ կողմերը, հակառակորդին թուլացնելու համար, աշխատում են նրան դնել անսովոր պայմաններում, իսկ քաոսի ստեղծումը այդ նպատակի համար իդեալական միջոց է։

Իսկ այս ամենի հիմքում ընկած է դասական կապիտալիզմի, որպես մարդկության զարգացման հերթական պարադիգմի, պոտենցիալի սպառումը, որի հիմնական պատճառն էլ սեփական բնակչության տևական բարեկեցիկ կյանքի և սոցիալական ու քաղաքացիական հատկությունների էրոզիայի պատճառով քաղաքակրթորեն թուլանալն է։

Դրանից բացի, նույն կապիտալիզմը, մնացած աշխարհից ավելի մեծ շահույթ ու հարստություն կորզելու նպատակով, առաջվա նման օտար երկրներին միայն որպես ռեսուրսների աղբյուրից դիտելուց անցավ նրանց որպես աշխատանքի աղբյուր դիտելուն, մի հանգամանք, որը Արևմուտքի համար ծնեց Չինաստանի նման ունիվերսալ հզորության տեր մրցակից։

Ներկա գլոբալ գոյապայքարում, երբ միջազգային հարաբերությունների ծայրահեղ լարվածության պայմաններում ռազմական ուժը դառնում է որոշիչ գործոն, Ռուսաստանն իր ռազմական հզորությամբ կարողանում է հավակնել գերտերության դիրքի, բայց ունիվերսալ գերտերություն լինելու համար նրան պակասում է դինամիկ արդյունաբերական էկոնոմիկան, հանգամանք, որն էլ ժամանակի հետ իրեն ավելի զգացնել կտա։

Իսկ Չինաստանի կողմից էլ նաև ռազմական գերտերություն դառնալու հանգամանքը կարող է արմատապես փոխել ուժերի գլոբալ դասավորությունն աշխարհում և ունենալ շատ կարևոր դեր նոր աշխարհակարգի ձևավորման պրոցեսում։

Իսկ նոր աշխարհակարգն էլ նոր-նոր է սկսում ձևավորվել, այն էլ՝ դեռևս աճող անորոշությունների ու ռիսկերի պայմաններում, մի ընթացք, որի բացահայտ սկիզբը ԽՍՀՄ-ի փլուզումն էր, բայց որն էլ սկսվել էր դեռևս անցյալ դարի 70-ական թվերի ԱՄՆ-ի և կոմունիստական Չինաստանի մերձեցումով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 135

Մեկնաբանություններ